BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Գումար ունեցող որևէ գործարար չի ցանկանա հարկեր չվճարել»

«Գումար ունեցող որևէ գործարար չի ցանկանա հարկեր չվճարել»
13.05.2016 | 01:24

Այս շաբաթ ԱԺ-ն արտահերթ նիստում մեկ անգամ տապալված «Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» օրենքի նախագիծը երկու ընթերցմամբ անցկացրեց: Սա այն օրենքն էր, որի քննարկման ժամանակ հիշեցին, թե ինչպես է Միկա Բաղդասարովը երկրից «թռել»` բյուջեին այդքան մեծ վնասներ հասցնելով: Պատգամավորներից շատերը պահանջեցին բերման ենթարկել այդ գործարանի արդեն նախկին տիրոջը` Բաղդասարովին, և պարտադրել տույժերը վճարել: Նախագիծը ՀՀԿ-ականների «սրտով» էլ չէր, մեկ անգամ տապալեցին, հետո «սաստվեցին» և խելոք-խելոք «կողմ» քվեարկեցին: Չնայած քաղաքական հարթությունում հարցը փակվեց, բայց տնտեսական ոլորտի մասնագետները պնդում են, որ այդ նախագիծն ունի վտանգներ: Այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք էկոնոմիկայի նախարար ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ:


-Պարոն Մինասյան, որոշ տնտեսագետներ պնդում են, թե այս օրենքով վատ նախադեպ է ստեղծվում, քանի որ գործարարները կարող են հարկեր չվճարել, տույժեր կուտակել, հետո «թռնել», այդ բեռը թողնելով պետբյուջեի վրա:
-Այդ տնտեսագետներին կառաջարկեի ավելի որոշակիացնել իրենց տեսակետը: Նման հայտարարություն անելուց առաջ թող մեզնից պահանջեն, որ այս լավ գործիքը կիրառեն բոլոր այն սուբյեկտների նկատմամբ, որոնք երկրի տնտեսության համար էական նշանակություն ունեն:
-Վստահեցնո՞ւմ եք, որ այս օրենքը որոշ գործարարներ չեն կարող ծառայեցնել մեկ նպատակի՝ հարկային պարտավորություններից խուսափել, տույժեր կուտակել ու անպատիժ դուրս գալ այդ ամենից:
-Գործող օրենսդրությամբ, տույժեր կուտակելն ընթացակարգ է: Եթե հարկերը ժամանակին չեն վճարվում, հնարավորություն էլ չունեն վճարելու, այդ ժամանակ տույժեր են գոյանում: Եթե հարկերը չարամտորեն չեն վճարում, դրա համար քրեական պատասխանատվության են ենթարկվում: Եթե օբյեկտիվ պատճառներով չեն վճարվել հարկերը, այդ դեպքում կարող են այսպիսի լուծումներ լինել: Ակնհայտ է, որ գումար ունեցող որևէ գործարար չի ցանկանա հարկեր չվճարել, որովհետև կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել:
-Այն, որ մեր գործարարներն ամենևին էլ մտավախություն չունեն, որ չվճարված հարկերի համար կարող են պատասխանատվություն կրել, քննարկման այլ նյութ է: Այդուհանդերձ, չկա՞ մտահոգություն, որ այս օրենքը կարող է պարարտ հող հանդիսանալ այն «չարամիտ» գործարարների համար, ովքեր կարող են դիտավորյալ սնանկացման տանել իրենց ձեռնարկությունը:
-Դիտավորյալ սնանկացումը քրեորեն պատժելի արարք է: Այն տնտեսագետները, ովքեր նման հայտարարություն են անում, լավ կլինի հիմնավորված ներկայացնեն իրենց պատկերացումները: Երկրորդեմ՝ սա լավ գործիք է, որը կարելի է դարձնել համընդհանուր, որպեսզի կառավարությունը կարողանա առողջացնել այն սուբյեկտները, որոնք տնտեսական մեծ կշիռ ունեն և ունակ են ստեղծելու նոր արժեքներ:
-Այնուհանդերձ, այս օրենքով բյուջեն զգալի գումարի կորուստ է ունենում, սա մտահոգիչ չէ՞:
-Զարմանալին այն է, որ բոլորը խոսում են բյուջե գումարներ չվճարելու մասին, սակայն ոչ մեկը չի ասում, որ երբևէ բյուջեն կստանա՞ր այդ գումարը: Եթե այս տարբերակը չկիրառվեր, երկու հարյուր այլընտրանք կա, որոնցից ոչ մեկի դեպքում բյուջե գումար չէր վճարվելու: Այս դեպքում գոնե 60 տոկոսը հնարավոր է վերադարձնել և հարկային մուտքեր ստանալ` պահպանելով աշխատատեղերը, և արտադրության ծավալները մեծացնել:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1570

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ